Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 17. Նախադպրոցական կրթությունը

գործել է մինչև 2016-03-12Բացել ARLIS-ում

Հոդված 17. Նախադպրոցական կրթությունը

1. Նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են`

1) երեխայի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը.

2) մայրենի լեզվով հաղորդակցվելու և այդ հիմքի վրա օտար լեզուների ուսումնասիրման նախադրյալների ապահովումը.

3) հաշվետու տարրական կարողությունների զարգացումը.

4) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը.

5) հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացում ձևավորելը.

6) աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ձեռքբերումը.

7) դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

2. Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է ընտանիքին: Պետությունը պայմաններ է ստեղծում ընտանիքում երեխաների դաստիարակությունը կազմակերպելու համար:

3. Ընտանիքին աջակցելու համար պետությունն ստեղծում է նախադպրոցական հիմնարկներ` տարբերակված ծրագրերով մսուր-մանկապարտեզներ և մանկապարտեզներ:

◙ Հոդված 18. Հանրակրթությունը

(վերնագիրը փոփ. 10.07.09 ՀՕ-161-Ն)

1. Հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական որակների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, անձի` որպես ապագա քաղաքացու ձևավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքի և մասնագիտական կրթությանը նախապատրաստելը:

2. Հանրակրթության հիմնական խնդիրներն են`

1) սովորողների կողմից բնության, հասարակության, տեխնիկայի, արտադրության և բնապահպանության մասին հիմնարար գիտելիքների յուրացումը, շարունակական կրթության համակարգում նրանց ինքնակրթության և ինքնազարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը.

2) համամարդկային և ազգային արժեքներին հաղորդակից, ազգային մշակութային ու բարոյահոգեբանական ժառանգությունը կրող և գործուն քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատ և քաղաքացի ձևավորելը.

3) սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական զինպատրաստության համալիր ծրագիր իրականացնելը:

3. Միջնակարգ կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով.

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).

3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):

4. Տարրական դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է լեզվամտածողության և տրամաբանության հիմքերի, ուսումնառության և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորմանը, ազգային և համամարդկային արժեքներին նախնական հաղորդակցմանը:

5. Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը:

Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը:

6. Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը: Ավագ դպրոցում սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային) ուսուցում:

Միջին և ավագ դպրոցում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումն ավարտվում է գիտելիքների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ:

7. Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:

(7-րդ մասի առաջին պարբերությունը 08.04.15 ՀՕ-20-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.06.2017 թ.)

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Պարտադիր միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթության պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա:

(18-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 13.04.06 ՀՕ-48-Ն, խմբ. 13.06.06 ՀՕ-139-Ն, փոփ., խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն, խմբ. 08.04.15 ՀՕ-20-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։