Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-12-15-ից մինչև 2002-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 31. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2002-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 31. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից` արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:

2. Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետևյալ հերթականությամբ`

ա) առաջին` ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում` աշխատավարձը.

բ) երկրորդ` այն պարտատերերի պահանջները, որոնք բանկին վարկ կամ ավանդ են տրամադրել բանկի ադմինիստրացիայի նշանակումից հետո.

գ) երրորդ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց բանկային ավանդները` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով դրամ կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Մեկ անձի` բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ.

դ) չորրորդ` երրորդ հերթում չընդգրկված բանկային ավանդները.

ե) հինգերորդ` բանկերի այլ պահանջները, որոնք բխում են վճարահաշվարկային և թղթակցային հարաբերություններից, բացառությամբ միջբանկային վարկերից բխող պահանջների.

զ) վեցերորդ` աշխատանքային գործունեության ընթացքում բանկի աշխատակիցների առողջությանը կամ կյանքին պատճառված վնասների հետ կապված պահանջները.

է) յոթերորդ` բանկի աշխատակիցների աշխատավարձը (բացառությամբ բանկի ղեկավարների), բայց ոչ ավելի բանկի աշխատակիցների համար սահմանված աշխատավարձի եռապատիկից.

ը) ութերորդ` պետական բյուջեի նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումները.

թ) իններորդ` պարտատերերի այլ պահանջները:

Սույն կետով սահմանված` բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության «բ», «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են «թ» ենթակետով սահմանված հերթում:

Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ:

Միևնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:

3. Եթե լուծարային միջոցները չեն բավարարում որևէ հերթի բոլոր պարտատերերի պահանջներն ամբողջությամբ, ապա դրանք բավարարվում են համամասնորեն:

4. Լուծարային կառավարչի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև բանկի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկել լուծարային կառավարչի գործողությունները: Սույն կետով նախատեսված հայցադիմումը դատարանը քննում է եռօրյա ժամկետում: Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային կառավարիչն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային կառավարչի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը` մինչև որոշման կայացումը:

Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո:

5. Լուծարային կառավարչի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված: Եթե պարտատերը ներկայացրել է պահանջը պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, և պահանջը հնարավոր չէ բավարարել լուծարային միջոցները չբավարարելու պատճառով, ապա նրա պահանջը համարվում է մարված` անգամ, եթե առկա է տվյալ պահանջը ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։