Հոդված 5. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 5. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Ադմինիստրացիան բանկի կառավարման հատուկ մարմին է, որի ղեկավարին և անդամներին նշանակում է Կենտրոնական բանկը` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Ադմինիստրացիայի նշանակման խնդիրն է`
ա) բանկի վերակազմակերպման միջոցով նրա ավանդատուների ու բանկային հաշվի անվանատերերի պահանջների բավարարումը, և (կամ)`
բ) բանկի ակտիվները կամ բանկն ամբողջությամբ (որպես միասնական և գործող միավոր` իր բոլոր ակտիվներով և պասիվներով) վաճառելու միջոցով բանկի ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`
գ) բանկի ակտիվները հնարավոր կարճ ժամկետում հավաքագրելու (իրացնելու) միջոցով բանկի ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`
դ) բանկի կանոնադրական կապիտալն ավելացնելու կամ սույն օրենքով սահմանված կարգով փոխառությունների միջոցով ներդրումների ներգրավմամբ բանկի ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`
ե) բանկի ստանձնած պարտավորությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ անձի փոխանցելու միջոցով նրա ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`
զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով և պայմաններով` բանկային գործունեության լիցենզիայի մեկ տարատեսակը այլ տարատեսակի վերափոխելու միջոցով բանկի ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`
է) բանկի ֆինանսական առողջացմանն ուղղված օրենքով չարգելված այլ միջոցառումների իրականացումը:
3. Ադմինիստրացիան գործում է ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Ֆինանսական առողջացման ծրագիրը, դրանում կատարվող փոփոխություններն ու լրացումները հաստատում է Կենտրոնական բանկը: Ադմինիստրացիան կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկություններ:
4. Ադմինիստրացիան գործում է սույն օրենքով, այլ օրենքներով և Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
5. Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում բանկի կառավարման բոլոր մարմինների լիազորություններն ամբողջությամբ անցնում են ադմինիստրացիայի ղեկավարին:
6. Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում արգելվում է բանկի մասնակցի (բաժնետիրոջ) պահանջի բավարարումը բանկի կանոնադրական կապիտալում նրա ունեցած բաժնի (ավանդի) առանձնացման մասով` կապված բանկի հիմնադիրների կազմից նրա դուրս գալու հետ, արգելվում է նաև բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով բանկի կանոնադրական կապիտալում մասնակցի (բաժնետիրոջ, փայատիրոջ) բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով այդ բաժնեմասն առանձնացնելը կամ բաժնեմասին համապատասխան բանկի միջոցներից վճարում կատարելը (այդ թվում` բնեղենով):
Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում հակընդդեմ պարտավորությունների հաշվանցներ կարող են կատարվել միայն ադմինիստրացիայի համաձայնությամբ, եթե դրանք նախատեսված են բանկի ֆինանսական առողջացման ծրագրով:
Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում բանկի նկատմամբ պահանջները կարող են զիջվել միայն ադմինիստրացիայի համաձայնությամբ, եթե դա նախատեսված է բանկի ֆինանսական առողջացման ծրագրով: