Հոդված 14. ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ
Հոդված 14. ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ
1. Ադմինիստրացիա նշանակելու դեպքում Կենտրոնական բանկը` ադմինիստրացիայի ղեկավարի միջնորդությամբ կամ իր հաստատած ծրագրով, իրավունք ունի ադմինիստրացիայի գործողության ամբողջ (կամ անհրաժեշտության դեպքում` կարճ) ժամանակահատվածով սառեցնել բանկի պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Մորատորիումի գործողությունը տարածվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի գծով պարտավորությունների վրա, որոնք առաջացել են ադմինիստրացիայի նշանակումից առաջ, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտավորությունների և գործողությունների վրա:
2. Մորատորիումի գործողության ընթացքում`
ա) կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը.
բ) չի թույլատրվում կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով որևէ բռնագանձում կամ գանձում.
գ) կասեցվում է գույքային բռնագանձումներով կատարողական փաստաթղթերի կատարումը (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված` գումարների բռնագանձման մասին կատարողական փաստաթղթերի), եթե դրանց վերաբերյալ կայացված դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտել մինչև ադմինիստրացիայի նշանակումը:
3. Սույն հոդվածով նախատեսված` բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետի ավարտից հետո չեն հաշվարկվում, վճարվում, գանձվում կամ բռնագանձվում պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար օրենքներով կամ պայմանագրերով նախատեսված տուժանքները կամ ֆինանսական այլ պատժամիջոցները: Բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետի ավարտից հետո դրամական պարտավորություններով կամ պարտադիր վճարումների գծով պարտավորությունների գումարի վրա ենթակա են հաշվեգրման միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու հետ կապված տոկոսները, եթե դրանք չեն գերազանցում օրենքով կամ պայմանագրով սահմանված տոկոսների չափը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, դրամական պարտավորություններով կամ պարտադիր վճարումների գծով օրենքով կամ պայմանագրով սահմանված տոկոսները գերազանցելու դեպքում, հաշվեգրվում են օրենքով կամ պայմանագրով նախատեսված տոկոսները:
Սույն կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկվում են միայն բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետից հետո ընկած ժամանակահատվածի համար: Նշված տոկոսները չեն հաշվեգրվում պարտավորության գումարի վրա հաշվեգրված տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև տոկոսների գումարների վրա:
4. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`
ա) քաղաքացիների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետևանքով առաջացած պահանջների,
բ) արձակման նպաստների և աշխատավարձերի վճարման, հեղինակային պայմանագրերով պարգևատրումների հետ կապված քաղաքացիների պահանջների,
գ) բանկի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերի վճարման գծով պահանջների վրա: