Հոդված 10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ և ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ
Հոդված 10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ և ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ
1. Կազմակերպությունն ունի իր անվանումը, կարող է ունենալ նաև կրճատ անվանում (անվանման հապավում) և խորհրդանիշներ:
2. Կազմակերպության անվանումը պետք է հայերենով արտահայտի կազմակերպության գործունեության բնույթը և բովանդակի «հասարակական կազմակերպություն» բառերը: Կազմակերպության անվանումը, այդ թվում` կրճատ անվանումը, եթե այդպիսին նախատեսված է, չպետք է պարունակի կազմակերպական-իրավական տեսակ մատնանշող այլ բառեր (ֆոնդ, հիմնադրամ, միություն, կոոպերատիվ, համատիրություն, ընկերություն, ընկերակցություն, ներկայացուցչություն, մասնաճյուղ և այլն), ինչպես նաև այնպիսի բառեր (ազգային ժողով, գերագույն խորհուրդ, կառավարություն, նախարարություն, դատարան, բանակ, դեսպանատուն, հյուպատոսություն, մարզ, համայնք և այլն) և այնպիսի ձևով, որոնք կազմակերպության անվանումը կնմանեցնեն պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին:
3. Կազմակերպության անվանման մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ հանրահայտ ֆիզիկական անձի` մահացած լինելու դեպքում` նրա ժառանգի գրավոր համաձայնությամբ: Եթե հանրահայտ անձը, իսկ նրա մահացած լինելու դեպքում նրա ժառանգը գտնում է, որ կազմակերպության գործունեությունն ստվերում է այդ անձի հեղինակությունը, ապա կարող է կազմակերպության անվանման մեջ անձի անունն օգտագործելու իրավունքից կազմակերպությանը զրկելու պահանջով դիմել դատարան:
4. Կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Կազմակերպության անվանումը, կրճատ անվանումը (անվանման հապավումը) և խորհրդանիշները, այդ թվում` կազմակերպության կնիքի վրա պատկերվող խորհրդանիշը, եթե վերջիններս նախատեսված են, պետք է ընդունելի լինեն հասարակական բարոյականության տեսանկյունից ու տարբերվեն այլ կազմակերպության, ինչպես նաև որևէ պետության, միջազգային և օտարերկրյա հանրահայտ կազմակերպությունների ու այլ իրավաբանական անձանց անվանումներից, կրճատ անվանումներից (անվանման հապավումներից), խորհրդանիշներից և շփոթության աստիճանի նման չլինեն դրանց:
6. Կազմակերպության գտնվելու վայրը նրա մշտական գործող վերադաս մարմնի գտնվելու վայրն է: