Հոդված 12. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հոդված 12. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար սահմանված իրավունքները, ազատությունները և պարտականությունները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված սահմանափակումներով:
Արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները, անձնական անվտանգությունը և նրանց նկատմամբ հարկադրանքի միջոցների կիրառման օրինականությունն ապահովվում են օրենքով: Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների և ազատությունների իրականացման երաշխիքները սահմանվում են սույն օրենքով և ներքին կանոնակարգով: Ձերբակալված և կալանավորված անձինք, իրենց իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս, պարտավոր են պահպանել ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված անձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքները, ազատությունները և պարտականությունները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքով այլ բան նախատեսված չէ: