Հոդված 53. Նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված և անավարտ մնացած օրենքի նախագծերը
Հոդված 53. Նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված և անավարտ մնացած օրենքի նախագծերը
1. Աշխատակազմը, առաջին նստաշրջանի ավարտից հետո՝ 7-օրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերը՝ կից տեղեկանքում նշելով դրանց հեղինակներին և գլխադասային հանձնաժողովները:
2. Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ օրենքների նախագծերը չորսօրյա ժամկետում ուղարկում է Կառավարություն և համապատասխան մշտական հանձնաժողովներ: Հանձնաժողովները և Կառավարությունը 30-օրյա ժամկետում քննարկում և Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում իրենց եզրակացությունները՝ վերոհիշյալ օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին:
3. Աշխատակազմը, Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ, եզրակացությունների ստացման պահից 7-օրյա ժամկետում ապահովում է դրանց և համապատասխան օրենքների նախագծերի տրամադրումը պատգամավորներին:
4. Եթե օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է կամ նոր գումարման Ազգային ժողովում վերընտրված պատգամավոր, ապա հեղինակի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո 60-օրյա ժամկետում ներկայացվելու դեպքում տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում՝ հերթական ընթերցմամբ քննարկվելու համար:
5. Եթե օրենքի նախագծի հեղինակը եղել է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ապա նորընտիր որևէ պատգամավորի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո 60-օրյա ժամկետում որպես հեղինակ հանդես գալու ցանկության դեպքում տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում՝ հերթական ընթերցմամբ քննարկվելու համար:
6. Նախորդ գումարման Ազգային ժողովում ընդունված և Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը նորընտիր Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված գլխադասային հանձնաժողովի ներկայացմամբ:
(53-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)