Հոդված 58. Մտքերի փոխանակության կարգը
Հոդված 58. Մտքերի փոխանակության կարգը
1. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ՝
ա) պատգամավորների ելույթներ.
բ) խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթներ:
2. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները և վարչապետը, որոնց ելույթների տևողությունը չի սահմանափակվում, ինչպես նաև Կառավարության անդամները՝ սույն հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով։
3. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել գլխադասային հանձնաժողովի կամ նիստը վարողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ:
4. Պատգամավորները ելույթ ունենալու համար հերթագրվում են էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում, որը ցուցադրվում է լուսատախտակին: Համակարգը չգործելու դեպքում հերթագրումն իրականացնում է նիստը վարողը:
5. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ամբիոնից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը: Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է ելույթի իրավունքից:
6. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարները կամ քարտուղարները նիստը վարողին գրավոր ներկայացնում են տվյալ խմբակցության, պատգամավորական խմբի անունից ելույթ ունեցողի անունը, ազգանունը:
7. Խմբակցության և պատգամավորական խմբի ներկայացուցիչների ելույթների համար հայտերը ներկայացվում են մինչև Կառավարության անդամների և հերթագրված պատգամավորների ելույթների ավարտը: Խմբակցությունների և պատգամավորական խմբերի ելույթների հաջորդականությունը որոշվում է ըստ նրանց թվաքանակի՝ փոքրից մեծ:
8. Մինչև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթները Կառավարության անդամները՝ վարչապետի ներկայացմամբ, ունեն երեք արտահերթ ելույթի իրավունք։