Հոդված 11. Կուսակցության պետական գրանցումը մերժելը
Հոդված 11. Կուսակցության պետական գրանցումը մերժելը
1. Պետական լիազոր մարմինը մերժում է կուսակցության պետական գրանցումը, եթե՝
1) կուսակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթները ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի տապալմանը, կամ
2) կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կամ կուսակցության հիմնադիր համագումարում որոշում չի ընդունվել կուսակցության ստեղծման կամ կուսակցության ծրագրի ընդունման կամ կանոնադրության հաստատման կամ ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաև ընտրված չէ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար), կամ
3) կուսակցության պետական գրանցման դիմումը ներկայացվել է կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից մեկ տարի անց:
2. Կուսակցության պետական գրանցումը մերժելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հղում պարունակելով սույն օրենքի այն դրույթներին, որոնք մերժման հիմք են հանդիսացել:
3. Կուսակցության պետական գրանցման մերժումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով: