Հոդված 17. Կուսակցության ղեկավար մարմինները
Հոդված 17. Կուսակցության ղեկավար մարմինները
1. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է (համագումար, ժողով, համաժողով, վեհաժողով և այլն), որը հրավիրում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը կուսակցության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում, բայց ոչ ուշ, քան չորս տարին մեկ անգամ: Կուսակցության համագումարում ընտրվում են կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները, որոնք հաշվետու են համագումարին:
2. Կուսակցության համագումարն իրավասու է քննարկելու իր որոշմամբ սահմանված ցանկացած հարց, որի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի։
3. Կուսակցության համագումարի բացառիկ իրավասություններն են`
1) կուսակցության կանոնադրության հաստատումը և ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը, բացառությամբ սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների.
2) ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորումը.
3) մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրությունը.
4) կուսակցության վերակազմակերպումը:
4. Կուսակցության անունից այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը, իսկ կոլեգիալ ղեկավար մարմնի դեպքում` կոլեգիալ մարմնի ղեկավարը:
5. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը՝
1) հաստատում է կուսակցության տարեկան բյուջեն, եթե այդ իրավասությունը կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ կուսակցության համագումարին.
2) հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է կուսակցության ծախսերի նախահաշիվը.
3) կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ.
4) իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխությունները և լրացումները.
5) որոշում է կայացնում կուսակցության լուծարման մասին, եթե համագումարն իրավազոր չի եղել.
6) իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ վերապահված այլ իրավունքներ։