Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-01-ից մինչև 2020-07-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 9. Կուսակցության պետական գրանցման կարգը

գործել է մինչև 2020-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 9. Կուսակցության պետական գրանցման կարգը

1. Կուսակցության` որպես իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է պետական գրանցման պահից:

2. Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 800 անդամ, որոնք ներկայացնում են Երևան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքը և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/4-ը, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումներ`

1) Երևան քաղաքում` առնվազն երեք ստորաբաժանում կամ

2) Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում` յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում կամ

3) Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/4-ում` յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում:

3. Կուսակցության պետական գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Արդարադատության նախարարությունը (այսուհետ` պետական լիազոր մարմին):

4. Պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին է ներկայացնում.

1) կուսակցության կանոնադրության առնվազն երկու օրինակ.

2) հանրային կյանքի կազմակերպման հայեցակարգի վերաբերյալ կուսակցության մոտեցումներն արտացոլող ծրագրի առնվազն երկու օրինակ.

3) պետական գրանցման մասին դիմում՝ ստորագրված կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների կողմից` նրանցից յուրաքանչյուրի անձնագրային տվյալների և հաշվառման հասցեի նշումով.

4) հիմնադիր համագումարի արձանագրությունը, ինչպես նաև կուսակցության ստեղծման, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի) ընտրության, տարածքային ստորաբաժանումների կազմավորման, դրանց գտնվելու վայրի, կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի ընդունման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին որոշումները.

5) պետական գրանցման պահին կուսակցության հիմնադիրների ցանկը, որը պետք է պարունակի անդամի անունը, ազգանունը, ստորագրությունը, նշում՝ համապատասխան տարածքային ստորաբաժանման վերաբերյալ.

6) հիմնադիր համագումարին մասնակցած հիմնադիրների անունները, ազգանունները, անձնագրերի պատճենները, ստորագրությունները.

7) կուսակցության ղեկավար մարմինների կազմի մասին տեղեկություններ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, բնակության վայր).

8) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի մասին տեղեկանք.

9) պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

10) տեղեկատվություն կուսակցության տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը պետական գրանցման համար ներկայացվում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում գրանցում է կուսակցությունը կամ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վերադարձնում է պետական գրանցման դիմումը կամ մերժում է կուսակցության պետական գրանցումը:

7. Կուսակցության պետական գրանցումից հետո երկշաբաթյա ժամկետում կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը համընդհանուր իրազեկման նպատակով ենթակա են հրապարակման պետական լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։