Հոդված 12. Կուսակցության անդամները
Հոդված 12. Կուսակցության անդամները
1. Կուսակցությանն անդամակցությունը կամավոր է և անհատական:
2. Կուսակցության հիմնադիրներ և անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
3. Կուսակցության հիմնադիրները կուսակցության պետական գրանցումից հետո օրենքի ուժով դառնում են կուսակցության անդամներ:
4. Յուրաքանչյուր անձ կարող է միաժամանակ լինել միայն մեկ կուսակցության հիմնադիր:
5. Կուսակցությանն անդամակցությունը կատարվում է քաղաքացու դիմումի հիման վրա` սույն օրենքին համապատասխան՝ կուսակցության կանոնադրությամբ նախատեսված կարգով:
6. Կուսակցության անդամներն իրավունք ունեն ընտրելու և ընտրվելու տվյալ կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում, ներկա լինելու կուսակցության համագումարի նիստերին, ծանոթանալու կուսակցության մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները, տեղեկատվություն ստանալու կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, ստանալու փաստաթղթերի պատճեններ` կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը, բողոքարկելու կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները, կամովին դադարեցնելու իրենց անդամակցությունը:
7. Կուսակցության անդամները, կուսակցության կանոնադրությանը համապատասխան, կարող են ունենալ այլ իրավունքներ և պարտականություններ:
8. Իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կուսակցության անդամները կարող են կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ` կուսակցությունից հեռացման:
(12-րդ հոդվածը խմբ. 29.12.20 ՀՕ-1-Ն)
(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)