Հոդված 16. Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը
Հոդված 16. Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը
1. Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի, ինչպես նաև պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:
2. Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը:
3. Ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը և դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան:
4. Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի անվանումը, գործունեության ժամկետը, ինչպես նաև նրա իրավասությանը վերապահված նախագծի կամ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները:
5. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումից հետո նրան են անցնում գլխադասային հանձնաժողովի իրավասությունները և գործառույթները:
6. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, երկարաձգվել հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի քննարկման համար անհրաժեշտ ժամանակահատվածով:
7. Պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչև երկու ամիս է, որը կարող է հարցի քննարկումն ավարտելու նպատակով մինչև մեկ ամսով երկարաձգվել հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: