Հոդված 53. Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը
Հոդված 53. Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը
1. Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:
2. Ազգային ժողովի փակ նիստ կարող է անցկացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ Կառավարության առաջարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է։
3. Փակ նիստ անցկացնելու մասին առաջարկն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ վարչապետի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների գրությունում, ինչպես նաև վարչապետի գրությանը կից ներկայացվող Կառավարության որոշման մեջ նշվում են Ազգային ժողովի փակ նիստի անցկացման օրը, ժամը և քննարկվող հարցի անվանումը:
4. Եթե գրությունը սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝
1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը՝ նշելով պատճառների մասին.
2) համապատասխանում է և ներկայացվել է Ազգային ժողովի նիստի ընթացքում, ապա փակ նիստ անցկացնելու մասին առաջարկն առանց քննարկման քվեարկության է դրվում այդ նիստում, իսկ գրությունն Ազգային ժողովի նիստերից ազատ օրը ներկայացվելու դեպքում առաջարկն առանց քննարկման քվեարկության է դրվում Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման սկզբում: