Հոդված 11. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Հոդված 11. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
1. Բողոքը ստանալով` Պաշտպանը որոշում է ընդունում`
1) բողոքը քննարկման ընդունելու մասին.
2) դիմողին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.
3) բողոքը ներկայացնողի համաձայնությամբ բողոքը այն պետական մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար այն անձին փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի ըստ էության լուծումը.
4) բողոքը չքննարկելու մասին:
2. Բողոքի քննարկման մերժումը պետք է հիմնավորվի սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Բողոքը չքննարկելու մասին որոշում ընդունելիս Պաշտպանը պարտավոր է դիմողին բացատրել այդ բողոքի քննարկման` օրենքով նախատեսված կարգը:
3. Պաշտպանն ընդունված որոշման պատճենն ուղարկում է դիմողին հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:
4. Պաշտպանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ սկսել հարցի քննարկումը, հատկապես այն դեպքերում, երբ տեղեկություն կա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի բացառիկ հասարակական նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց պաշտպանության իրավական միջոցները:
5. Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Պաշտպանն իրավասու է դիմելու համապատասխան պետական մարմիններ կամ դրանց պաշտոնատար անձանց, որպեսզի նրանք նպաստեն բացահայտման ենթակա հանգամանքների ուսումնասիրմանը:
6. Բողոքում նշված հարցերի ուսումնասիրումը չի կարող կատարել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար այն անձը, որի որոշումները կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են: