Հոդված 12. ԲՈՂՈՔՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ
Հոդված 12. ԲՈՂՈՔՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ
1. Պաշտպանն իրավասու է՝
1) անարգել այցելել ցանկացած պետական հիմնարկ կամ կազմակերպություն, ներառյալ` զորամիավորումներ, անձանց հարկադրական պահման վայրեր, այդ թվում` նաև նախնական կալանքի և ազատազրկման վայրեր.
2) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ բողոքին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.
3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից և պետական ծառայողներից, բացառությամբ դատարանների ու դատավորների, ստանալ բողոքի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ.
4) իրավասու պետական մարմիններին հանձնարարել բողոքի ուսումնասիրության ընթացքում պարզելու ենթակա հարցերի վերաբերյալ անցկացնել փորձագիտական հետազոտություններ և պատրաստել եզրակացություններ.
5) ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական, տնտեսական և այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները, որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է գործերի հարուցումը.
6) ծանոթանալ բողոքին առնչվող ցանկացած նյութի և փաստաթղթի.
7) դիմել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով.
8) հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ։ Հաղորդումն ստացած վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձը պարտավոր է հաղորդման քննարկման արդյունքների մասին տեղեկացնել Պաշտպանին որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:
Պաշտպանի գրավոր որոշմամբ սույն մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված լիազորությունները կարող են իրականացնել նաև Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները կամ փորձագետների խորհրդի անդամները:
2. Պետական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Պաշտպանը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասությանը վերաբերող պահանջվող նյութեր և փաստաթղթեր, ինչպես նաև բողոքը քննարկելու համար անհրաժեշտ ցանկացած տեղեկություն ներկայացնել Պաշտպանին անվճար և անարգել:
4. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ տեղեկությունները պետք է ուղարկվեն Պաշտպանին հնարավորինս արագ, հարցումն ստանալուց հետո` ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ:
5. Իր լիազորությունների շրջանակում Պաշտպանն օգտվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև կազմակերպությունների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց, հարկադրական պահման վայրերի վարչակազմի մոտ անհետաձգելի ընդունելության իրավունքից:
(12-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն, լրաց. 07.12.10 ՀՕ-200-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-53-Ն)