Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-28-ից մինչև 2026-07-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

Հոդված 16. Համայնքի ավագանու նիստը

գործել է մինչև 2026-07-06Բացել ARLIS-ում

Հոդված 16. Համայնքի ավագանու նիստը

1. Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան ավագանու լիազորություններն ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում:

2. Համայնքի ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը, նրա բացակայության դեպքում՝ նրա տեղակալը կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված դեպքում՝ համայնքի ավագանու՝ տարիքով ավագ անդամը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

2.1. Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար եղանակով նիստեր:

3. Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է, իսկ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում նիստին մասնակցելու համար գրանցվել է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները:

4. Համայնքի ավագանու որոշումներն ընդունվում են ավագանու` նիստին ներկա կամ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

5. Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները: Համայնքի ավագանու որոշումը ստորագրում է նիստը վարողը:

6. Համայնքի ավագանու նիստը շարունակվում է մինչև օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում: Ավագանու նիստերն արձանագրվում են, իսկ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում՝ նաև տեսաձայնագրվում: Նիստերի արձանագրումը, իսկ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում նաև տեսաձայնագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարը: Ավագանու նիստերի արձանագրություններն ստորագրում են նիստը վարողը և ավագանու նիստին մասնակցած անդամները: Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում ավագանու նիստի արձանագրությունն ստորագրում է նիստը վարողը՝ արձանագրությանը կցելով նիստի տեսաձայնագրությունը, իսկ ավագանու անդամները նիստի ընթացքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ արտահայտած իրենց դիրքորոշումը էլեկտրոնային փոստով ներկայացնում են համայնքի աշխատակազմին:

7. 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերի արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ:

8. Համայնքի ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով նախատեսված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ նիստեր և քննարկումներ: Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում հեռավար եղանակով դռնփակ նիստեր կամ քննարկումներ չեն անցկացվում:

9. 3000 և ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

10. Համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի:

11. Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին մասնակցում են աշխատակազմի աշխատողները:

12. Համայնքի ավագանու որոշումների վերաբերյալ համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ և առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին կամ ավագանու նախկին որոշումներին:

13. Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առարկությունները և որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում և նախատեսված ժամկետներում որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնում և ենթակա է պարտադիր կատարման:

14. Համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով:

15. Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով նախաձեռնել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր բողոք` համապատասխան հիմնավորումներով, առաջարկելով համայնքի ղեկավարին փոփոխելու իր որոշումը:

16. Համայնքի ղեկավարի որոշումը փոփոխելու մասին համայնքի ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ղեկավարի որոշման գործողությունը կասեցվում է մինչև համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը:

17. Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել համայնքի ավագանու որոշումը և դրա վերաբերյալ կայացնել իր որոշումը՝ օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդունելու մասին:

18. Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել համայնքի ավագանու անդամներին: Համայնքի ղեկավարի կողմից սույն մասով նշված համապատասխան որոշումներից որևէ մեկն ընդունելու պահից որոշման կասեցումը դադարեցվում է:

19. Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի որոշումը համարվում է չընդունված:

20. Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:

(16-րդ հոդվածը լրաց. 13.06.18 ՀՕ-349-Ն, լրաց., փոփ., խմբ. 17.11.21 ՀՕ-354-Ն, խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-267-Ն)

(24.01.20 ՀՕ-78-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։