Հոդված 10. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը
Հոդված 10. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը
Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական և պետության կողմից պատվիրակված:
Սեփական լիազորությունները բաժանվում են պարտադիր և կամավոր լիազորությունների:
Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով:
Պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը կարող է սույն օրենքով փոխանցվել համայնքներին` որպես պետության պատվիրակած լիազորություններ:
Պետության պատվիրակած լիազորություններն իրականացվում են օրենքով կամ կառավարության սահմանած կարգով: Պետության պատվիրակած լիազորություններն ամբողջովին և պարտադիր ֆինանսավորվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին:
Պարտադիր և պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են համայնքի կողմից առաջնահերթությամբ և օրենքով սահմանված կարգով կատարման:
Կամավոր լիազորություններն իրականացվում են համայնքի բյուջեով նախատեսված հատկացումներին համապատասխան և ավագանու սահմանած կարգով:
Սույն օրենքում թվարկված կամավոր լիազորություններն սպառիչ չեն: Այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները համայնքները կարող են իրականացնել միայն որպես կամավոր լիազորություններ: Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրականացնել համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեություն: