Հոդված 32. Համայնքի ղեկավարի իրավասությունը
Հոդված 32. Համայնքի ղեկավարի իրավասությունը
Համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով`
1) հրավիրում և վարում է ավագանու նիստերը` սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով.
1.1) համայնքի ղեկավարը անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում.
2) համայնքի զարգացման քառամյա ծրագիրը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
3) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը.
4) աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունների, կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը` սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված դեպքում.
Համայնքային ծառայության մասով աշխատակազմի կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագիծը և դրանում առաջարկվող փոփոխություններն ընդունվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի երկրորդ պարբերությունով սահմանված կարգով:
5) աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերն ու դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.
6) համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
7) համայնքային ենթակայության առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
8) նշանակում և ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.
9) համայնքի ավագանու որոշմամբ նշանակում և ազատում է համայնքի բյուջետային հիմնարկների ղեկավարներին: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ.
10) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման նախագիծը.
11) կնքում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների համայնքների հետ համագործակցության մասին պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու վավերացմանը: Միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
12) համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը.
12.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան` համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը և (կամ) դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ.
13) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին.
13.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Երևան քաղաքի) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) և կայացնում է որոշումներ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ.
14) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում առաջարկ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.
15) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների).
16) սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը.
17) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ.
18) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.
19) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ կադաստրներ.
20) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար.
21) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Սույն հոդվածի 1-17-րդ կետերով նախատեսված լիազորությունները համարվում են համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություններ, իսկ 18-19-րդ կետերով նախատեսվածները` պետության պատվիրակած լիազորություններ:
(32-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն, 22.12.06 ՀՕ-17-Ն, 22.02.07 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 30.09.08 ՀՕ-164-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-227-Ն, խմբ., լրաց. 08.12.11 ՀՕ-342-Ն)