Հոդված 7. Կառավարության լիազորությունները պարենային անվտանգության ապահովման ոլորտում
Հոդված 7. Կառավարության լիազորությունները պարենային անվտանգության ապահովման ոլորտում
Կառավարությունը պարենային անվտանգության ապահովման նպատակով իրականացնում է հետևյալ լիազորությունները՝
ա) ապահովում է պարենային անվտանգության ապահովման ոլորտում միասնական պետական քաղաքականության իրագործումը.
բ) ապահովում է սննդամթերքի արտադրության խթանման և կարգավորման ոլորտում տարվող աշխատանքների համակարգումը.
գ) իր լիազորած մարմնի միջոցով մշակում և իրագործում է պարենային անվտանգության ապահովման պետական նպատակային ծրագրեր.
դ) սահմանում է պետական պարենային պահուստի անվանացանկը, կուտակման ծավալները և ժամկետները.
ե) իրականացնում է պետական պարենային պահուստի կառավարումը, պատասխանատվություն է կրում դրա ստեղծման, պահպանման, նպատակային օգտագործման և համալրման համար.
զ) սահմանում է իր լիազորած պետական մարմինների նպատակները, խնդիրները և գործառույթները պարենային անվտանգության ապահովման ոլորտում.
է) իրականացնում է բնակչությանը կենսապես կարևորագույն սննդամթերքի մատակարարման վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն, ինչպես նաև պարենային անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակի կանխատեսում և պարենային ճգնաժամի կանխարգելման միջոցառումների իրականացում, իսկ վերջինիս առաջացման դեպքում՝ նաև հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ.
ը) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններ։