Հոդված 27. Հայտերի ներկայացումը
Հոդված 27. Հայտերի ներկայացումը
1. Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.
2) գնային առաջարկը.
3) հայտի ապահովումը.
4) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ), եթե հրավերով նախատեսված է.
5) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):
2. Փաստաթղթային ձևով հայտը ներկայացվելու դեպքում մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձվում է այն ներկայացնողի կողմից: Ծրարում ներառված փաստաթղթերը կազմվում են բնօրինակից և հրավերում նշված թվով պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Ծրարը և հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) բաց ընթացակարգի ծածկագիրը.
3) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
4. Հայտերը քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով այդ մասին տրվում է տեղեկանք:
5. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:
6. Մասնակիցները կարող են գնման գործընթացին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`
1) հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիր.
2) հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները.
3) մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն:
Համատեղ գործունեության կարգով գնումների գործընթացին մասնակցության կարգը սահմանվում է հրավերով:
(27-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-75-Ն)