Հոդված 40. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու կարգը
Հոդված 40. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու կարգը
1. Պատվիրատուն, նախքան էլեկտրոնային աճուրդի անցկացումը, կատարում է հայտերի լիարժեք նախնական գնահատում` հրավերով սահմանված չափանիշներով:
2. Բավարար գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին միաժամանակ ուղարկվում է էլեկտրոնային ձևով նոր (վերանայված) գներ և (կամ), կոնկրետ դեպքերում, նոր (վերանայված) ոչ գնային առաջարկներ ներկայացնելու պահանջ:
3. Նման պահանջը ներառում է նաև տեղեկություններ` էլեկտրոնային աճուրդի բացման օրվա ու ժամի և օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների հետ անհատական կապուղի հաստատելու համար անհրաժեշտ տվյալների մասին:
4. Էլեկտրոնային աճուրդը կարող է կայանալ մի շարք հաջորդական փուլերով:
5. Էլեկտրոնային աճուրդը սկսվում է ոչ շուտ, քան դրա մասին պահանջը ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկու օրացուցային օր անց:
6. Այն դեպքերում, երբ էլեկտրոնային աճուրդի (սակարկության) առարկա են հանդիսանում գնից բացի այլ հատկանիշներ, սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջը ներառում է նաև տեղեկություններ հետևյալի վերաբերյալ`
1) համապատասխան մասնակցի լիարժեք գնահատման արդյունքը.
2) էլեկտրոնային աճուրդում կիրառվելիք մաթեմատիկական բանաձևը` ներկայացված նոր գների և (կամ) նոր ոչ գնային առաջարկների հիման վրա ավտոմատ վերավարկանշումը որոշելու համար: Այդ մաթեմատիկական բանաձևը ներառում է հաղթող մասնակցին որոշելու համար հրավերի մեջ սահմանված չափանիշների կշիռը:
7. Էլեկտրոնային աճուրդի յուրաքանչյուր փուլում պատվիրատուն անհապաղ (առցանց) մասնակիցներին է տրամադրում նվազագույն բավարար տեղեկություններ, որոնք նրանց հնարավորություն են տալիս ցանկացած պահի ճշտել իրենց զբաղեցրած հարաբերական տեղը:
8. Էլեկտրոնային աճուրդի փուլերի իրականացման ընթացքում պատվիրատուն չի հրապարակում նոր գները կամ ոչ գնային նոր առաջարկները կամ դրանք ներկայացրած մասնակիցների ինքնությունը: