Հոդված 9. Պայմանագիր կնքելու մասին որոշումը, անգործության ժամկետը, պայմանագրի կնքումը և պայմանները
Հոդված 9. Պայմանագիր կնքելու մասին որոշումը, անգործության ժամկետը, պայմանագրի կնքումը և պայմանները
1. Բաց ընթացակարգի ձևով գնում կատարելու դեպքում, մինչև պայմանագիր կնքելը, պատվիրատուն հրապարակում է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին: Այդ մասին կարող է հայտարարվել`
1) արդյունքների ամփոփման նիստում` հանրային իրազեկման միջոցով, որին հրավիրվել են գնումների գործընթացի բոլոր մասնակիցները.
2) նման հայտարարությունը էլեկտրոնային ձևով կամ ֆաքսով կամ փոստով` պատվիրված նամակով, կարող է ուղարկվել գնումների գործընթացի բոլոր մասնակիցներին.
3) նման հայտարարությունը տեղադրվում է լիազորված մարմնի, իսկ հնարավորության դեպքում` նաև պատվիրատուի ինտերնետային կայքում:
2. Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ու հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ: Անգործության ժամկետը պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվա և պատվիրատուի կողմից պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման օրվա միջև ընկած ժամանակահատվածն է:
3. Անգործության ժամկետը գնումների բազային միավորի հիսնապատիկը գերազանցող գնումների դեպքում առնվազն 10 օրացուցային օր է, իսկ չգերազանցող գնումների դեպքում` առնվազն 5 օրացուցային օր:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետը կիրառելի չէ, եթե`
1) սույն օրենքով չի պահանջվում պայմանագիր կնքելու մասին հայտարարության հրապարակում.
2) միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, որի հետ կնքվում է պայմանագիր:
5. Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետում որևէ մասնակից գնումների բողոքարկման խորհրդում չի բողոքարկում պայմանագիր կնքելու մասին որոշումը: Մինչև անգործության ժամկետը լրանալը կնքած պայմանագիրն առոչինչ է:
6. Գնման հետ կապված կողմերի` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով: