Հոդված 55. Պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու կարգը
Հոդված 55. Պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու կարգը
1. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է իր ներկայացրած զեկուցագրի հիման վրա, բացառությամբ երբ արձակումն իրականացվում է առանց նրա հետ համաձայնեցնելու:
2. Եթե առկա են պայմանագրային ծառայությունից արձակելու մեկից ավելի հիմքեր, զինծառայողն արձակվում է իր ընտրած հիմքով, բացառությամբ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-11-րդ կետերով նախատեսված դեպքերի:
3. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է զինված ուժերի պահեստազոր, եթե ենթակա չէ պաշտոնաթողության: Պայմանագրային զինծառայողը ենթակա է պաշտոնաթողության, եթե լրացել է սույն օրենքով սահմանված` պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը: Պաշտոնաթող նախկին զինծառայողները համարվում են զինված ուժերի և այլ զորքերի վետերաններ:
4. Զինվորական ծառայության մեջ 20 և ավելի տարի անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած պայմանագրային զինծառայողներին` անկախ ծառայության ընդհանուր ժամկետից, արձակելու իրավունք ունեցող պետի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք, բացառությամբ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-11-րդ կետերով սահմանված հիմքերով ծառայությունից արձակված անձանց: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն սպայական կազմի զինծառայողներին այդպիսի իրավունք վերապահում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն նաև ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված պահեստազորում հաշվառված և սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող, ինչպես նաև պետական լիազոր մարմնում աշխատող և զինվորական ծառայության մեջ չգտնվող քաղաքացիները` պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում, ինչպես նաև պայմանագրային զինվորական ծառայությունից անօրինական արձակված պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունում վերականգնվում է իր ցանկությամբ՝ զինվորական ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանը չեղյալ համարելու միջոցով` արձակման հրամանը տված հրամանատարի (պետի) հրամանով: Այդ դեպքում բաց թողնված զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժում:
6. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով` արձակման հիմքեր ծագելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Արձակման հրամանում պարտադիր նշվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժը, որում առանձին նշվում են օրենքով սահմանված օրացուցային և արտոնյալ պայմաններով հաշվարկվող զինվորական ծառայության ժամանակահատվածները:
7. Զինվորական ծառայությունից արձակելու հրամանի հիման վրա զորամասի հրամանատարի (զինվորական կառավարման մարմնի պետի) հրամանով զինծառայողը հանվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի և բավարարման (ապահովման) ցուցակներից, և հրամանի տրման օրվա դրությամբ կատարվում է վերջնահաշվարկ: Հիվանդանոցային բուժման մեջ կամ հերթական արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանվում է բուժման կամ արձակուրդի ավարտի հաջորդ օրը:
8. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` կադրերի տրամադրության տակ թողնված և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված պայմանագրային զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Նշված դեպքում, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելիս վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:
9. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված դեպքում պայմանագրային զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, և վերջնահաշվարկ կատարվում է այդ օրվա դրությամբ: Եթե մինչև դատապարտվելը զինծառայողը, սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, թողնվել է կադրերի տրամադրության տակ, ապա վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ: