Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-01-ից մինչև 2026-06-04։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸԳլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17

գործել է մինչև 2026-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 17.

Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունը

1. Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն: Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումների համաձայն:

2. Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում որոշվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը զինվորական ծառայության համար, ինչպես նաև զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Քաղաքացու բժշկական փորձաքննության արդյունքներով տրվում է քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ Եզրակացությունն առնվազն ներառում է քաղաքացու առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, քաղաքացու պիտանիության աստիճանը զինվորական ծառայությանը, նրա առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները, եզրակացության բողոքարկման կարգն ու ժամկետները: Քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը քաղաքացու պիտանիության աստիճանից և բժշկական փորձաքննության նպատակից, նշվում են`

1) պիտանի է զինվորական ծառայության համար.

2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.

3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար.

4) ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.

5) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.

6) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.

7) կարիք ունի բուժման.

8) ենթակա է կանչվելու վարժական հավաքի.

9) ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը տրվում է` հաշվի առնելով սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված զինվորական ծառայության յուրաքանչյուր տեսակը:

5. Քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը:

(17-րդ հոդվածը փոփ. 17․12․25 ՀՕ-476-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։