Հոդված 16. Զինվորական պաշտոնի նշանակելու պայմանները
Հոդված 16. Զինվորական պաշտոնի նշանակելու պայմանները
1. Զինվորական պաշտոնի նշանակելիս պահպանվում են հետևյալ պայմանները.
1) շարքայիններով, սերժանտներով, ավագներով, ենթասպաներով և սպաներով համալրման ենթակա զինվորական պաշտոնների նշանակվում են համապատասխան կազմերի զինծառայողներ: Ենթասպայական և սպայական պաշտոնների համալրումն ստորադաս կազմերի զինծառայողներով թույլատրվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով.
2) կադրային մարմնի տրամադրության տակ գտնվող զինծառայողները պաշտոնի նշանակվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով.
3) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար պիտանի, սակայն ընտրած զինվորական մասնագիտությանը ոչ պիտանի ճանաչված զինծառայողը, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվածի, իր համաձայնությամբ նշանակվում է այլ պաշտոնի (որով սահմանված պարտականությունները կարող է կատարել) կամ զորացրվում է.
4) եթե զինծառայողին չի տրվում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն, նա նշանակվում է այդպիսի թույլտվություն չպահանջող պաշտոնի կամ զորացրվում է.
5) միմյանց հետ մերձավոր ազգակցական կապ ունեցող զինծառայողներին (պապ, տատ, հայր, մայր, ամուսին, կին, հարազատ եղբայր, քույր) չի թույլատրվում ծառայել միևնույն զորամասում (զինվորական կառավարման մարմնում), եթե նրանցից մեկն անմիջականորեն ենթակա է մյուսին կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վերահսկվում է նրա կողմից.
6) զինծառայողները, բացառությամբ բարձրագույն սպայական կազմի, պաշտոնի նշանակվում են անձնակազմին վերաբերող հրամաններով, որն արձակում է տվյալ զինվորական պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պետը.
7) հաստիքով նախատեսված սպայական պաշտոնները, որպես կանոն, համալրվում են բարձրագույն ռազմական կամ քաղաքացիական կրթություն ունեցող զինծառայողներով:
2. Զինծառայողը կարող է նշանակվել առաջին պաշտոնի, բարձր պաշտոնի, հավասար պաշտոնի և ցածր պաշտոնի:
Զինվորական պաշտոնը համարվում է բարձր, եթե հաստիքով նախատեսված զինվորական կոչումը բարձր է նախկին պաշտոնի զինվորական կոչումից, իսկ դրանց հավասարության դեպքում՝ ավելի բարձր պաշտոնային դրույքով զինվորական պաշտոնը:
Զինվորական պաշտոնը համարվում է հավասար, եթե նախկին և նոր հաստիքային պաշտոններին համապատասխանում են նույն զինվորական կոչումն ու պաշտոնային դրույքը:
Զինվորական պաշտոնը համարվում է ցածր, եթե այդ հաստիքով նախատեսված զինվորական կոչումն ավելի ցածր է զինծառայողի նախկին պաշտոնի զինվորական կոչումից, իսկ դրանց հավասարության դեպքում՝ ավելի ցածր պաշտոնային դրույքով զինվորական պաշտոնը:
(16-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն)