Հոդված 19. Ցածր պաշտոնի նշանակումը
Հոդված 19. Ցածր պաշտոնի նշանակումը
1. Զինծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի՝
1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել բարձր կամ հավասար պաշտոնի (պայմանագրային զինծառայողը՝ իր համաձայնությամբ).
2) ընտանեկան պայմաններից ելնելով (պայմանագրային զինծառայողը՝ իր խնդրանքով).
3) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (պայմանագրային զինծառայողը՝ իր համաձայնությամբ).
4) անձնական խնդրանքով (պայմանագրային զինծառայողը).
5) «պաշտոնի իջեցում» կամ «զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում» կարգապահական տույժեր ստանալու դեպքում, ինչպես նաև, եթե «նախազգուշացում ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ենթասպան կամ սպան չի ուղղվել՝ օրինակելիորեն կատարելով զինվորական պարտքը.
6) եթե դատարանի դատավճռով դատապարտվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման հետ կապված պատժի.
6.1) որակավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում:
2. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված զինծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել տույժը հանելուց հետո:
3. Կին զինծառայողը հղիության շրջանում իր ցանկությամբ նշանակվում է ծառայության ավելի դյուրին պայմաններ ունեցող պաշտոնի՝ բժշկական եզրակացության համաձայն: Այդպիսի դեպքերում պահպանվում են նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ:
Մինչև երկու տարեկան երեխա ունեցող կին զինծառայողը, եթե չի կարողանում կատարել իր ծառայողական պարտականությունները, նշանակվում է այլ զինվորական պաշտոնի՝ մինչ նշանակումն զբաղեցրած պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարման և այլ լրացուցիչ վճարների պահպանմամբ:
4. (մասը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
(19-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)