Հոդված 36. Հերթական զինվորական կոչում շնորհելը
Հոդված 36. Հերթական զինվորական կոչում շնորհելը
1. Հերթական զինվորական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե զինծառայողի զբաղեցրած հաստիքային պաշտոնին համապատասխանում է շնորհվող զինվորական կոչմանը հավասար կամ բարձր զինվորական կոչում:
Հերթական զինվորական կոչումը շնորհվում է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը:
2. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր և դոկտորանտ սպաներին հերթական զինվորական կոչում, մինչև «գնդապետը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական զինվորական կոչումը համապատասխանում է մինչ ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսված զինվորական կոչմանը:
Տվյալ զինվորական կոչումը կրելու ժամկետն անցած ունկնդիրներին, ադյունկտին (ասպիրանտին), օրդինատորին և դոկտորանտին պետական լիազոր մարմնի ղեկավարը բացառության կարգով կարող է շնորհել մինչ ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճան բարձր զինվորական կոչում՝ ուսման առաջադիմության և գիտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
3. Հերթական զինվորական կոչումը վաղաժամկետ շնորհվում է զինվորական ծառայության կազմակերպման և կարգապահության ամրապնդման գործում նշանակալի անձնական ներդրման համար, բայց ոչ բարձր զբաղեցրած զինվորական պաշտոնի համար սահմանված զինվորական կոչումից:
Զինվորական կոչումը կրելու ժամկետը լրացած և հատուկ անձնական վաստակ ունեցող զինծառայողներին կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճան բարձր զինվորական կոչում՝ մինչև «փոխգնդապետը» ներառյալ, նաև մինչև «գնդապետը» ներառյալ՝ նրան պահեստ արձակելով:
4. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի դատապարտվելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժը կրելու կամ ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածները չեն հաշվարկվում զինվորական կոչումով ծառայության կրման ժամկետում: Սույն մասում նշված, ինչպես նաև կարգապահական տույժ ստացած լինելու ժամանակահատվածներում զինծառայողին չի շնորհվում հերթական զինվորական կոչում:
(36-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)