Հոդված 6. Դատախազի ինքնուրույնությունը և նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը, դատախազի օրինական պահանջների կատարման պարտադիր լինելը
Հոդված 6. Դատախազի ինքնուրույնությունը և նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը, դատախազի օրինական պահանջների կատարման պարտադիր լինելը
1. Յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար:
2. Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն:
3. Դատախազի օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:
4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից դատախազի օրինական պահանջները չկատարելու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի, պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում՝ գլխավոր դատախազը, իսկ մյուս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների դեպքում՝ վերադաս դատախազը տվյալ հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ տվյալ հանրային ծառայողի անմիջական ղեկավարին: Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ողջամիտ ժամկետում ենթակա է պարտադիր քննության հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Միջնորդության քննարկման արդյունքների մասին համապատասխան իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը տեղեկացնում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմած դատախազին:
5. Դատախազի օրինական պահանջները չկատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-26-Ն)
(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն)