Հոդված 6. Գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի փաստաթղթերի տրամադրումը
Հոդված 6. Գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի փաստաթղթերի տրամադրումը
1. Գյուղատնտեսական տեխնիկան ըստ տեսակների, նշանակության, ղեկավարման և շահագործման առանձնահատկությունների ու ճարմանդային հզորությունների դասակարգվում է՝ «A», «B», «C», «D», «E» և «F» խմբերի՝
«A» խումբ` անիվավոր տրակտորներ, որոնք ունեն մինչև 14 կիլոնյուտոն (մինչև 80 ձիաուժ շարժիչի հզորություն).
«B» խումբ` անիվավոր տրակտորներ, որոնք ունեն 14 կիլոնյուտոնից (80 ձիաուժ շարժիչից) բարձր հզորություն.
«C» խումբ` ընդհանուր նշանակության թրթուրավոր տրակտորներ.
«D» խումբ` գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են մեխանիկական շարժահաղորդումով.
«E» խումբ` գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են հիդրավլիկ շարժահաղորդումով.
«F» խումբ` մելիորատիվ մեքենաներ, այդ թվում` մինչև 0,65 խմ շերեփի տարողությամբ էքսկավատորներ:
2. Տրակտորիստ-մեքենավարները պետք է ունենան գյուղատնտեսական տեխնիկան վարելու իրավունքի համապատասխան կարգեր։
Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի կարգերն ըստ գյուղատնտեսական տեխնիկայի խմբերի դասակարգվում են՝
երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A» և «C» խմբերին դասվող տրակտորները.
երկրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A», «B», «C» և «D» խմբերին դասվող տրակտորները և գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները.
առաջին կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու բոլոր խմբերին պատկանող տրակտորները, ինքնագնաց, մելիորատիվ մեքենաները։
3. Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու այն տրակտորների ու ինքնագնաց մեքենաների խմբերը, որոնց դիմաց վարման վկայականում կա «թույլտվություն» նշանը։
4. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է գյուղատնտեսական մեքենաների շահագործման, ճանապարհային երթևեկության կանոնների իմացության և գործնական վարման հմտությունները որակավորման հանձնաժողովի կողմից ստուգելուց հետո: Տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։