Հոդված 4. Շահութահարկ վճարողները
Հոդված 4. Շահութահարկ վճարողները
1. Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները (այսուհետ` ռեզիդենտ) և ոչ ռեզիդենտները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների` բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե փոխանցվող եկամուտների մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
2. Սույն օրենքի իմաստով`
ա) ռեզիդենտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված, կանոնները գրանցած) կազմակերպությունները և պայմանագրային ներդրումային ֆոնդերը, բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և սույն կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների.
բ) ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները:
3. Ներդրումային ֆոնդի` որպես հարկատուի հետ կապված սույն օրենքով նախատեսված բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը` այդ ներդրումային ֆոնդի հաշվին:
(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-128, փոփ. 25.12.03 ՀՕ-55-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-265-Ն)