Հոդված 30. Հարկման նպատակով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց համախառն եկամտի նվազեցումները
Հոդված 30. Հարկման նպատակով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց համախառն եկամտի նվազեցումները
(վերնագիրը լրաց. 11.12.02 ՀՕ-487-Ն, 09.04.07 ՀՕ-189-Ն, փոփ. 11.10.07 ՀՕ-203-Ն, 19.12.12 ՀՕ-238-Ն)
Հարկման նպատակով բանկերի համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի 10-29 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև`
ա) բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց ակտիվների և (կամ) ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով.
բ) հաճախորդների բանկային ավանդների և ներգրավված փոխառությունների վրա հաշվեգրված տոկոսների չափով.
գ) բանկի և վարկային կազմակերպության պարտքի հանձնառության (պարտատոմսերի, դեպոզիտային և ավանդային հավաստագրերի` ներառյալ` սերտիֆիկատները և մուրհակները) գծով հաշվեգրված տոկոսների, այդ թվում` պարտքի հանձնառության արժեթղթերի իրացման գների և դրանց անվանական արժեքների բացասական տարբերության (դիսկոնտ) գումարների չափով.
դ) ծառայությունների և թղթակցային հարաբերությունների դիմաց բանկի և վարկային կազմակերպության վճարած միջնորդական վճարների, այդ թվում` հաճախորդների հաշվարկային-դրամարկղային սպասարկման, նրանց հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվների վարման ծախսերի, մյուս բանկերին հաշվարկային-դրամարկղային սպասարկման դիմաց վճարի և համանման այլ ծախսերի չափով.
ե) կանխիկ դրամի, չեկերի, վճարային այլ փաստաթղթերի տեղափոխման (ինկասացիա) դիմաց, ինչպես նաև արժեքների փաթեթավորման, այդ թվում` կանխիկ դրամի համալրման, բանկին և վարկային կազմակերպությանը և նրանց հաճախորդներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման և առաքման ծախսերի չափով.
զ) հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.
է) բանկի և վարկային կազմակերպության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ վճարային միջոցներ (պլաստիկային քարտեր, ճանապարհային չեկեր և այլն) պատրաստելու, թողարկելու, ի պահ ընդունելու և ներդնելու հետ կապված ծախսերի չափով.
ը) բաժնետոմսեր, պարտատոմսեր, ավանդային հավաստագրեր (սերտիֆիկատներ), պարտքի այլ հանձնառություններ և ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթեր թողարկելու հետ կապված ծախսերի (թողարկման ազդագրերի նախապատրաստման, արժեթղթերի ձևաթղթերի ձեռքբերման, տպագրման ծախսեր, արժեթղթերի տարածման դիմաց միջնորդական վարձատրությունների վճարումներ և այլն) չափով.
թ) կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով բանկի և վարկային կազմակերպության կրած կորուստների չափով:
(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.12.02 ՀՕ-487-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-189-Ն, 11.10.07 ՀՕ-203-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-110-Ն, փոփ., խմբ. 19.12.12 ՀՕ-238-Ն)