Հոդված 12. Ամորտիզացիոն մասհանումները
Հոդված 12. Ամորտիզացիոն մասհանումները
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործունեության մեջ օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարի չափով` սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված ժամկետներում:
2. Ամորտիզացիոն մասհանումների գումարը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է` ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև սահմանված ամորտիզացիոն հետևյալ նվազագույն ժամկետներից`
ա) շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշվածների
20 տարի
բ) հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքերի և շինությունների համար
10 տարի
գ) չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար 3 տարի
դ) հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար 1 տարի
ե) այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար
5 տարի:
Աղետի գոտում գտնվող` սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված` աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գյումրի քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Գյումրի քաղաքում գտնվող շենքերի, շինությունների, փոխանցվող հարմարանքների, հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի և Գյումրի քաղաքում տեղակայված այլ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի Գյումրի քաղաքում գտնվելու (տեղակայվելու) ժամանակաշրջանում: Եթե Գյումրի քաղաքում գտնվող (տեղակայված) հիմնական միջոցների նկատմամբ կիրառվել են նշված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները, և այդ հիմնական միջոցները տեղափոխվել են Գյումրի քաղաքից դուրս (առանց այլ անձանց օտարման), ապա հարկատուն պետք է վճարի արագացված ամորտիզացիայից օգտված լինելու հետևանքով պակաս վճարված շահութահարկը և շահութահարկը (այդ թվում` կանխավճարները) ուշ վճարելու համար սահմանված տույժերը:
Մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:
3. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշում է հարկատուն` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջինների որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի հարկատուի գործունեության ժամկետից:
4. Հարկվող շահույթը որոշելու նպատակով հարկատուն իր հայեցողությամբ կարող է ընտրել հիմնական միջոցների ամորտիզացիոն այլ ժամկետ, սակայն տվյալ խմբի համար վերոհիշյալ ժամկետներից ոչ պակաս:
5. Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես հիմնական միջոցի սկզբնական արժեքի, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում` վերագնահատված արժեքի և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերում հիմնական միջոցի տվյալ խմբի կամ ոչ նյութական ակտիվի համար սահմանված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:
(12-րդ հոդվածը խմբ. 06.07.98 ՀՕ-243, լրաց. 28.12.98 ՀՕ-269, 26.12.00 ՀՕ-128, 16.04.02 ՀՕ-326)