Հոդված 32. Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը
Հոդված 32. Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը
1. Արտադրանքի արտադրության և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի (նյութական, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության, գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում կատարված կուտակային վճարների և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են տվյալ արտադրանքի և ծառայությունների իրացման համապատասխան:
2. Առևտրական գործունեություն իրականացնող հարկատուների մոտ ապրանքների ձեռքբերման արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ապրանքների իրացման համապատասխան:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված ակտիվների (հիմնական միջոցների և այլ ակտիվների) մնացորդային արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են դրանց իրացման համապատասխան, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Սույն մասի կիրառության իմաստով, 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների (բացառությամբ օտարման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) մնացորդային արժեքը որոշվում է օտարվող հիմնական միջոցների թվի և օտարման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի մեջ մտնող հիմնական միջոցների թվի հարաբերությունը բազմապատկելով օտարման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հետ:
4. Հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսերի (կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովություն, գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում կատարված կուտակային վճարներ, գործուղումներ, նյութական և տրանսպորտային սպասարկում, կառավարման տեխնիկական միջոցների և վարչական նշանակության հիմնական միջոցների պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաստում և վերապատրաստում և այլն), արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն) և ոչ արտադրական այլ ծախսերի (գյուտարարական և ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքներ և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են:
5. Հարկատուի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (վարկերի և այլ փոխառությունների տոկոսներ, գույքի երկարատև վարձակալության դիմաց տոկոսներ և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքի մեջ:
6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերում նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև համախառն եկամտի բացակայության դեպքում:
(32-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269, 24.10.07 ՀՕ-233-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-248-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-265-Ն, փոփ. 12.11.12 ՀՕ-218-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-238-Ն)