Հոդված 5. Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելը և հաշվառվելը
Հոդված 5. Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելը և հաշվառվելը
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը) համար` մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող ֆիզիկական անձինք` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 3-ում սահմանված ձևով դիմում-հայտարարություն, որտեղ նշում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. անունը և ազգանունը,
բ. անձնագրային տվյալները,
գ. սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում).
դ. անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) գործունեության իրականացման`
ա. տեսակը (տեսակները),
բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):
Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթվից:
2. (մասն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
3. Դիմում-հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին տրվում է ՀՎՀՀ «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
4. ՀՎՀՀ տրամադրելու օրն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ում սահմանված ձևի արտոնագիրը: Ընդ որում, «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ՀՎՀՀ տրամադրելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ով սահմանված ձևի արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված ՀՎՀՀ տրամադրելու օրը, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:
5. Դիմում-հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ում սահմանված ձևի արտոնագիրը: Ընդ որում, դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ով սահմանված ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:
6. Յուրաքանչյուր ֆիզիկական անձին յուրաքանչյուր ժամանակահատվածի համար տրվում է մեկ արտոնագիր:
7. Որևէ ժամանակահատվածի համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձին այդ ժամանակահատվածը ամբողջությամբ կամ մասնակի ներառող ժամանակահատվածի համար նոր արտոնագիր չի տրամադրվում:
(5-րդ հոդվածը լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-243-Ն)