Հոդված 7. Շրջանառության հարկի դրույքաչափերը և հաշվարկումը
Հոդված 7. Շրջանառության հարկի դրույքաչափերը և հաշվարկումը
1. Շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ`
Եկամուտների տեսակը Դրույքաչափը
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ 5%
Արտադրական գործունեությունից եկամուտներ 3.5%
Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) օտարումից եկամուտներ 10%
Նոտարական գործունեությունից եկամուտներ 20%
Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ 5%
1.1. Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երկկողմանի հաստատված (վավերացված) հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ՝ անուղղակի հարկերը), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարի կամ ավելացված արժեքի հարկով հարկման բազայի ու հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարի (այսուհետ՝ ապրանքների ձեռք բերման ծախսեր) 4 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն պարբերությամբ նախատեսված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 1.5 տոկոսից, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոսից պակաս գումար, ապա առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով: Սույն պարբերությանը համապատասխան՝ շրջանառության հարկի գումարից չնվազեցված մասը` սույն պարբերության պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:
2. Շրջանառության հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:
3. Հարկ վճարողները շրջանառության հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով սահմանված դրույքաչափերով ու կարգով:
(7-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-128-Ն, փոփ., խմբ. 07.05.15 ՀՕ-38-Ն)