Հոդված 23. Հաշվեքննության իրականացումը
Հոդված 23. Հաշվեքննության իրականացումը
1. Հաշվեքննություններն իրականացվում են ֆինանսական և (կամ) համապատասխանության և (կամ) կատարողականի հաշվեքննության տեսակներով:
2. Հաշվեքննություն իրականացնելիս կարող են կիրառվել հարցման, արտաքին հաստատման, զննման, դիտարկման, վերահաշվարկի, վերակատարման և (կամ) վերլուծական ընթացակարգեր:
3. Հաշվեքննությունն իրականացվում է հաշվեքննության առարկայի համար իրավական ակտերով և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կնքված գործարքներով սահմանված ժամանակաշրջանի կամ փուլի ավարտից հետո:
4. Յուրաքանչյուր հաշվեքննության իրականացման համար հաստատվում է հաշվեքննության առաջադրանք, որը ներառում է հաշվեքննության օբյեկտը, առարկան, տեսակը, իրականացման ժամկետը, հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը, իրականացնող խմբի կազմը՝ խմբի ղեկավարը, այլ հաշվեքննողներ և փորձագետներ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հաշվեքննության չափանիշներն ու Հաշվեքննիչ պալատի սահմանած այլ տեղեկություններ: Հաշվեքննության առանձնահատկությունից ելնելով՝ հաշվեքննությունն իրականացնող խմբի կազմում կարող է ընդգրկվել նաև այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման հաշվեքննող:
5. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության իրականացման ժամկետի սկզբից առնվազն երեք աշխատանքային օր առաջ հաշվեքննության օբյեկտի ղեկավարին է ուղարկում հաշվեքննության առաջադրանքը:
6. Հաշվեքննության իրականացումն ավարտվում է հաշվեքննության հաշվետվության կամ պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության հաստատմամբ կամ հաշվեքննությունը դադարեցնելու մասին որոշմամբ:
7. Մինչև Հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը Հաշվեքննիչ պալատի անդամներին, հաշվեքննողներին, փորձագետներին և հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց արգելվում է հաշվեքննության վերաբերյալ որևէ ձևով նախնական գնահատականներ և եզրակացություններ հրապարակել: