Հոդված 29. Հետհսկողությունը
Հոդված 29. Հետհսկողությունը
1. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը և ընթացիկ եզրակացությունը հաստատումից հետո ներկայացվում են Ազգային ժողով ու Կառավարություն, իսկ հաշվեքննության հաշվետվությունը՝ հաշվեքննության օբյեկտի ղեկավարներին, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հաշվեքննության առարկային առնչվող այլ մարմինների ղեկավարներին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերում ներկայացված առաջարկությունների հասցեատեր հաշվեքննության օբյեկտների ղեկավարները նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, պարտավոր են Հաշվեքննիչ պալատին տրամադրել իրենց հասցեագրված առաջարկությունների կատարման վերաբերյալ միջոցառումների ծրագիր, որը պետք է պարունակի տեղեկատվություն յուրաքանչյուր միջոցառման կատարման պատասխանատուի և վերջնաժամկետի վերաբերյալ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Հաշվեքննիչ պալատի առաջարկությունների հասցեատեր հաշվեքննության օբյեկտների ղեկավարները պարտավոր են Հաշվեքննիչ պալատի առաջարկած ժամկետում ներկայացնել տեղեկատվություն առաջարկությունների և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: