Հոդված 35. Հաշվեքննիչ պալատի գործունեության ֆինանսավորումը
Հոդված 35. Հաշվեքննիչ պալատի գործունեության ֆինանսավորումը
1. Հաշվեքննիչ պալատին վերապահված գործառույթների (հաշվեքննության և ստուգման) իրականացման համար պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակի կատարումը երաշխավորող ֆինանսավորում:
2. Հաշվեքննիչ պալատի բյուջեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մաս է:
3. Հաշվեքննիչ պալատը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի կազմում և Կառավարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշվի նախագիծը):
4. Հաշվեքննիչ պալատի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ անփոփոխ ներկայացվում է Ազգային ժողով:
5. Կառավարությունն Ազգային ժողով և Հաշվեքննիչ պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ իր փոփոխությունների հիմնավորումը:
6. Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեության ապահովման համար չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է պետական բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Հաշվեքննիչ պալատի համար նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի երկու տոկոսին:
7. Հարկային մարմնում առկա տեղեկատվության հիման վրա սույն օրենքով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանող Հաշվեքննիչ պալատի ծառայողների համար պետք է ապահովվի Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում գործող՝ միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների՝ ըստ համադրելի պաշտոնների միջին վարձատրությանը համապատասխան աշխատավարձ: Սույն մասում նշված՝ հարկային մարմնում առկա տեղեկատվությունը Հաշվեքննիչ պալատի պահանջով 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը ներկայացնում է Հաշվեքննիչ պալատ:
8. Հաշվեքննիչ պալատի աշխատողների սոցիալական երաշխիքները սահմանվում են օրենքով, այդ թվում՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ և 24-26-րդ հոդվածներով սահմանված երաշխիքները: