Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-10-27-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱԶՄԸ, ՆԻՍՏԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 16. Հաշվեքննիչ պալատի նիստերը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 16. Հաշվեքննիչ պալատի նիստերը

1. Հաշվեքննիչ պալատն իր գործունեությունը կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի (այսուհետ՝ նիստ) միջոցով: Հերթական նիստերը հրավիրվում են ամիսը մեկ՝ հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից: Արտահերթ նիստ հրավիրվում է հաշվեքննիչ պալատի նվազագույնը երեք անդամի նախաձեռնությամբ:

2. Նիստերի օրակարգը նիստի անցկացումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկվում է հաշվեքննիչ պալատի անդամներին, նիստին հրավիրված անձանց, Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն։

3. Նիստերը նախագահում է հաշվեքննիչ պալատի նախագահը:

4. Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հաշվեքննիչ պալատի առնվազն չորս անդամ:

5. Նիստում որոշումներն ընդունվում են քվեարկությամբ՝ առնվազն չորս կողմ ձայնի առկայության դեպքում:

6. Հաշվեքննիչ պալատի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ, ունի մեկ ձայն և քվեարկում է կողմ կամ դեմ:

7. Հաշվեքննիչ պալատի որոշումներն ստորագրում է նիստը նախագահողը: Որոշման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի անդամի կողմից հատուկ կարծիքի առկայության դեպքում կարծիքը կցվում է որոշմանը:

8. Նիստերն արձանագրվում են հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով։ Արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը։ Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո հաշվեքննիչ պալատն իր պաշտոնական կայքում տեղադրում է տեղեկատվություն նիստում քննարկված հարցերի և ընդունված որոշումների վերաբերյալ:

9. Հաշվեքննիչ պալատն իր նիստում քննարկում և հաստատում է՝

1) հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրը (այսուհետ՝ գործունեության ծրագիր).

2) գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությունը.

3) գործունեության ծրագրում փոփոխությունը և (կամ) լրացումը.

4) պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը.

5) ընթացիկ եզրակացությունները.

6) հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը.

7) հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը, ծախսերի նախահաշիվը և վերջինիս կատարողականը, սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նշված ֆոնդերից ծախսերի կատարման վերաբերյալ որոշումները.

8) հաշվեքննության առաջադրանքը.

9) հաշվեքննիչ պալատի ներքին իրավական ակտերը և դրանցում փոփոխությունները և լրացումները.

10) հաշվեքննիչ պալատի կանոնակարգը.

11) հաշվեքննիչ պալատի աշխատակազմի կանոնադրությունը.

12) հաշվեքննության իրականացման մեթոդաբանությունը և ուղեցույցները, հաշվեքննիչ պալատի անդամների գործունեությանն առնչվող՝ միջազգային իրավական պրակտիկայով պայմանավորված ուղենշային չափանիշները, հաշվեքննողների համար ներքին ծառայողական հարաբերությունների շրջանակում կիրառվող էթիկայի կանոնները և որակի կառավարման համակարգի գործառույթի իրականացման մեթոդաբանությունը.

13) հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների՝ սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան պաշտոնի անձնագրերը.

14) հաշվեքննիչ պալատի աշխատանքներում մասնագետների և փորձագետների ներգրավման կարգը.

15) հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարի նշանակումը.

16) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների միջև աշխատանքների պարբերական վերաբաշխումը.

17) հաշվեքննիչ պալատի անդամների միջև աշխատանքների պարբերական վերաբաշխումը.

18) հաշվեքննիչ պալատի անունից հանդես եկող անձի լիազորությունների շրջանակը, տալիս լիազորագիր.

19) օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների նկատմամբ կիրառում է օրենքով նախատեսված կարգապահական տույժեր և խրախուսանքներ, ինչպես նաև լսում է հաշվեքննողների գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները և բավարար հիմքերի առկայության դեպքում ձեռնարկում միջոցներ պատասխանատվություն կիրառելու համար.

20) հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող և հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող աշխատակազմի ծառայողների հաջորդ տարվա մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագիրը, որն իրականացվում է ինչպես ներքին կարողությունների օգտագործմամբ, այնպես էլ այլ կառույցներում վերապատրաստման միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։