Հոդված 17. Հաշվեքննիչ պալատի անդամը
Հոդված 17. Հաշվեքննիչ պալատի անդամը
1. Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած այն քաղաքացին, որն ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ կամ հաշվեքննիչ պալատի անդամի նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ կամ հաշվեքննիչ պալատի աշխատակազմում գլխավոր պաշտոնների 1-ին խմբի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում:
2. Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից ավելի ժամանակահատված, ապա հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին: Այս դեպքում հաշվեքննիչ պալատի նոր անդամն ընտրվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում այն չի համալրվում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից պակաս ժամանակահատված:
3. Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
4. Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ, չի կարող ընտրվել այն անձը, որը`
1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) ենթարկվել է քրեական պատասխանատվության, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
3) օրենքով սահմանված կարգով զրկված է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
5. Հաշվեքննիչ պալատի անդամները, ներառյալ՝ պալատի նախագահը, չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։
6. Հաշվեքննիչ պալատի անդամի, այդ թվում՝ նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված անհամատեղելիության պահանջի խախտման կամ հաշվեքննիչ պալատի անդամի որևէ կուսակցության անդամ լինելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքերում:
7. Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարում են՝
1) պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.
2) հաշվեքննիչ պալատի անդամի՝ հանցագործության կատարման համար դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա.
3) եթե ի հայտ է եկել հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկում.
4) հաշվեքննիչ պալատի անդամի հրաժարականի դեպքում.
5) հաշվեքննիչ պալատի անդամի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
6) նրա մահվան դեպքում:
8. Հաշվեքննիչ պալատի անդամի հրաժարականի մասին դիմումը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին տեղեկացվում է հաշվեքննիչ պալատը: Այդ տեղեկությունը տեղադրվում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունների դադարման այլ հիմքեր ի հայտ գալու պարագայում հաշվեքննիչ պալատի նախագահն այդ հիմքերն ի հայտ գալու վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Ազգային ժողով։