Հոդված 11. Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները
Հոդված 11. Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները
1. Հաշվեքննիչ պալատի նախագահն ապահովում է Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությունը:
2. Հաշվեքննիչ պալատի նախագահը՝
1) հրավիրում և նախագահում է Հաշվեքննիչ պալատի նիստերը, ստորագրում է Հաշվեքննիչ պալատի որոշումները և Հաշվեքննիչ պալատի նիստերի արձանագրությունները.
2) ներկայացնում է Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
3) հաստատում է Հաշվեքննիչ պալատի անդամների միջև աշխատանքների բաշխումը, Հաշվեքննիչ պալատի աուդիտի կոմիտեի (այսուհետ՝ աուդիտի կոմիտե) կազմը, Հաշվեքննիչ պալատի էթիկայի կոմիտեի (այսուհետ՝ էթիկայի կոմիտե) կազմը և Հաշվեքննիչ պալատի որակի հսկողության կոմիտեի (այսուհետ՝ որակի հսկողության կոմիտե) կազմը.
4) հաստատում է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգման բաշխումը.
5) հաստատում է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքը և սահմանված կարգով կատարում կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նաև հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների (բացառությամբ ներքին աուդիտի ստորաբաժանման) կանոնադրությունները, ծախսերի նախահաշիվը.
6) օրենքով նախատեսված դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հաշվեքննիչ պալատի համապատասխան աշխատողներին, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
7) սահմանում է Հաշվեքննիչ պալատի անունից հանդես եկող անձի լիազորությունների շրջանակը, տալիս լիազորագիր.
8) Հաշվեքննիչ պալատի անդամներից մեկին նախապես վերապահում է իր բացակայության ժամանակ իրեն փոխարինելու պարտականությունների կատարումը: Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինողի բացակայության դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինում է Հաշվեքննիչ պալատի անդամի առավել երկար ստաժ ունեցող անդամը.
9) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը թափուր լինելու, լիազորությունների իրականացման անհնարինության, ինչպես նաև բացակայության դեպքերում Հաշվեքննիչ պալատի անդամի պարտականությունների կատարումը վերապահում է Հաշվեքննիչ պալատի մեկ այլ անդամի.
10) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 100 օր առաջ այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին.
11) իրականացնում է Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմնի ղեկավարի համար սահմանված այլ լիազորություններ.
12) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.9-րդ հոդվածով նախատեսված դեպքում հայցադիմում է ներկայացնում վարչական դատարան:
3. Հաշվեքննիչ պալատի նախագահը Հաշվեքննիչ պալատի անդամների միջև աշխատանքները բաշխելիս նախատեսում է՝
1) օրինականության սկզբունքին առնչվող հաշվեքննությունները (ֆինանսական և համապատասխանության տեսակներ) համակարգող Հաշվեքննիչ պալատի մեկ անդամի.
2) արդյունավետության սկզբունքին առնչվող հաշվեքննությունները (կատարողականի տեսակ) համակարգող Հաշվեքննիչ պալատի մեկ անդամի.
3) գործադիր իրավասություններից անկախ Հաշվեքննիչ պալատի չորս անդամի:
4. Հաշվեքննիչ պալատի նախագահն իր լիազորությունների իրականացման համար ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր (հրամաններ):