Հոդված 10
Հոդված 10
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի բովանդակությունը
1. Ազատ մաքսային գոտի՝ մաքսային ընթացակարգ, որի դեպքում ապրանքները տեղադրվում և օգտագործվում են ԱՏԳ-ի տարածքում կամ դրա մի մասում՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու, ինչպես նաև օտարերկրյա ապրանքների նկատմամբ առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման և Մաքսային միության ապրանքների նկատմամբ առանց արգելքների և սահմանափակումների կիրառման:
2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը, իսկ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքները պահպանում են Մաքսային միության ապրանքների կարգավիճակը:
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքների կարգավիճակ:
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Մաքսային գոտու ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները (այսուհետ՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներ), ձեռք են բերում օտարերկրյա ապրանքների կարգավիճակ՝ բացառությամբ սույն կետի չորսից վեցերորդ մասերում նշված դեպքերի:
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշվում է սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածի համաձայն, եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակվում է Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս այդ ապրանքների արտահանմամբ:
Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ու մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ռեզիդենտների կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշվում է սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան մինչև 2017 թվականի հունվարի 1-ը` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշելն այն անձանց կողմից, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում և, որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գործունեություն են իրականացրել Ռուսաստանի Դաշնության «Կալինինգրադի շրջանում առանձնահատուկ տնտեսական գոտու մասին» 1996 թվականի հունվարի 22-ի թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի (այսուհետ՝ Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենք) հիման վրա, իրականացվում է սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:
3. Մինչև 2010 թվականի մայիսի 1-ը գրանցված ռեզիդենտների, ինչպես նաև այն անձանց համար, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում և, որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացրել են գործունեություն Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի հիման վրա, Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների ցանկը, որոնց տրվում է օտարերկրյա ապրանքների կարգավիճակ՝ անկախ սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով սահմանված բավարար վերամշակման չափանիշների կատարումից: Ապրանքների նշված ցանկը կիրառվում է, եթե նման ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:
4. Մինչև 2010 թվականի մայիսի 1-ը գրանցված առանձին ռեզիդենտների, ինչպես նաև այն առանձին անձանց նկատմամբ, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում և, որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացրել են գործունեություն Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի հիման վրա, Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների քանակի հետ կապված սահմանափակումներ, որոնք կարող են ճանաչվել որպես Մաքսային միության ապրանքներ, այդ թվում՝ եթե այդ ապրանքների բացթողումը Մաքսային միության մաքսային տարածք իրականացվում է այնպիսի ավելացած քանակներով և այնպիսի պայմաններով, որ այն զգալի տնտեսական վնաս է հասցնում Մաքսային միության անդամ պետության տնտեսության ճյուղին կամ նման վնաս հասցնելու վտանգ է ստեղծում: Նշված սահմանափակումների սահմանման վերաբերյալ որոշումն ընդունվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով, ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) և կիրառվում է այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային սահմաններից դուրս:
5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ Մաքսային միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության ներքո ապրանքների «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման համար տրված՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցման պահից՝ բացառությամբ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ ներմուծվող (ներմուծված)՝ Մաքսային միության ապրանքների:
Նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ ներմուծվող (ներմուծված)՝ Մաքսային միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ դրանց՝ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծելու պահից:
6. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքները չեն համարվում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահման և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց ոչնչացման (անվերադարձ կորստի) փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչվելուց հետո:
(10-րդ հոդվածը խմբ. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)