Հոդված 9
Հոդված 9
ԱՏԳ-ի տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի վերաբերյալ ընդհանուր դրույթները
1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կարող է կիրառվել ԱՏԳ-ի տարածքում կամ դրա տարածքի մի մասում (այսուհետ՝ ԱՏԳ-ի տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը):
2. ԱՏԳ-ի տարածքը համարվում է Մաքսային միության մաքսային տարածքի մի մասը:
3. Այն ապրանքները, որոնք ներմուծվել են ԱՏԳ-ի տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, և ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, համարվում են Մաքսային միության մաքսային տարածքից դուրս գտնվող ապրանքներ՝ մաքսատուրքերի, հարկերի, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակներով:
4. Նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ի սահմանները համարվում են Մաքսային միության մաքսային սահմանը:
5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը չի տարածվում հետևյալի վրա՝
1) միջազգային փոխադրումների տրանսպորտային միջոցներ, որոնք ներմուծվում են նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ և արտահանվում են նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ից այդ տրանսպորտային միջոցներով ապրանքների միջազգային փոխադրումների իրականացման դեպքում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ, որոնք ներմուծվում են նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ և արտահանվում են նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ից և նախատեսված են Մաքսային միության տարածքով ապրանքների ներքին փոխադրումներն իրականացնելու համար.
2) Մաքսային միության ապրանքներ, որոնք ներմուծվում են նավահանգստային ԱՏԳ կամ արտահանվում են նավահանգստային ԱՏԳ-ից Մաքսային միության մաքսային տարածքի մնացած մաս՝ ծովային նավահանգստի, գետային նավահանգստի, օդանավակայանի ադմինիստրացիայի կողմից, ռեզիդենտ չհանդիսացող և նավագնացության անվտանգության ապահովման, օդանավերի թռիչքների անվտանգության, ծովային, գետային նավահանգստի, օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտների շահագործման անվտանգության ապահովման մասով ծովային, գետային նավահանգստում, օդանավակայանում գործառույթներ կամ ծովային, գետային նավահանգստում, օդանավակայանում գործունեության իրականացման հետ կապված այլ գործառույթներ իրականացնող անձանց կողմից.
3) Մաքսային միության ապրանքներ, որոնք լոգիստիկ ԱՏԳ-ի ադմինիստրացիայի կողմից ներմուծվում են լոգիստիկ ԱՏԳ կամ արտահանվում են լոգիստիկ ԱՏԳ-ից Մաքսային միության մաքսային տարածքի մնացած մաս՝ կապված այդ ԱՏԳ-ի գործունեության ապահովման հետ.
4) ապրանքներ, որոնք ներմուծվում են նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ և մինչ այդ ներմուծումը դրա սահմաններից դուրս ձևակերպվում են ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգերով.
5) Մաքսային միության ապրանքներ, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան գտնվում են Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի և Մագադանի շրջաններում ստեղծված՝ Առանձնահատուկ տնտեսական գոտիների տարածքներում կամ ներմուծվում են այդ տարածքներ:
6. ԱՏԳ-ի տարածքում կարող են տեղադրվել և օգտագործվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված՝ Մաքսային միության ապրանքներ և այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ:
7. ԱՏԳ-ի տարածքը, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, համարվում է մաքսային հսկողության գոտի:
Մաքսային հսկողությունը ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, իրականացվում է մաքսային մարմինների կողմից՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան:
ԱՏԳ-ի տարածքը, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, պետք է ապահովված լինի մաքսային հսկողության անցկացման համար անհրաժեշտ հարմարություններով:
Մաքսային հսկողության անցկացման նպատակով «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման ԱՏԳ-ի տարածքը հարմարություններով ապահովելուն ներկայացվող պահանջները, այդ թվում՝ այդ տարածքի պարսպապատման, սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման մասով պահանջները սահմանվում են՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
ԱՏԳ-ի այն տարածքում հսկիչ անցագրային ռեժիմի ապահովումը, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, ներառյալ այդ տարածք անձանց մուտքի կարգի սահմանումը, իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: