Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված գործողությունները

1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով թույլատրվում է ցանկացած գործողության կատարում, եթե նման գործողության իրականացումը համապատասխանում է ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման մասին համաձայնագրի պայմաններին: Դրանք են՝

1) ապրանքների պահեստավորում (պահում, մթերում, մասնատում).

2) ապրանքների բեռնման (բեռնաթափման) գործողություններ և պահպանման հետ կապված այլ բեռնային գործողություններ.

3) ապրանքների պահպանության համար անհրաժեշտ գործողություններ, ինչպես նաև ապրանքները տրանսպորտային փոխադրմանը պատրաստելու մասով սովորական գործողություններ, այդ թվում՝ խմբաքանակի մասնատում, առաքումների կազմավորում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, ինչպես նաև ապրանքների որակի բարելավմանն ուղղված գործողություններ.

4) այդ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցման հետ կապված գործարքների կատարում նախատեսող գործողություններ.

5) ապրանքների վերամշակման (մշակման) մասով գործողություններ, որոնց իրականացման հետևանքով ապրանքները կորցնում են իրենց անհատական հատկանիշները և (կամ) ապրանքների պատրաստման (ներառյալ հավաքում, կազմազատում, մոնտաժ, հարմարեցում), ինչպես նաև ապրանքների վերանորոգման մասով գործողություններ.

6) ապրանքների սպառում:

2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքների մասով թույլատրվում է իրականացնել նմուշառման գործողություններ՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն:

3. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով թույլատրվում է դրանց տեղափոխումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ԱՏԳ-ի մեկ տարածքից, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը դեպի ԱՏԳ-ի այլ տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:

4. ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, թույլատրվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը որպես ապրանքներ, որոնք նպաստում կամ դյուրացնում են ապրանքների արտադրումը (ստացումը), նույնիսկ եթե այդ ապրանքներն ամբողջությամբ կամ մասամբ սպառվում են ապրանքների արտադրման (ստացման) ընթացքում՝ մաքսային մարմնին սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն տրամադրվող հաշվետվությունում նման ապրանքների սպառման փաստի պարտադիր արտացոլմամբ:

5. Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու գործողությունների ցանկը, որոնց կիրառումը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ արգելվում է: Ընդ որում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կիրառման արգելված գործողությունների ցանկը սահմանելու մասին որոշումն ընդունվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

6. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել տվյալ պետությունների տարածքում ստեղծված (ստեղծվող) ԱՏԳ-ի տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ արգելված գործողությունների ցանկը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։