Հոդված 16
Հոդված 16
Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների առաջացումն ու դադարեցումը և դրանց վճարման ժամկետը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար
1. Հայտարարատուի՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունն առաջանում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման պահից՝ բացառությամբ սույն կետի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերի:
Հայտարարատուի՝ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունն առաջանում է նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծելու պահից:
Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքից նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծվող և մաքսային հայտարարագրման չենթարկվող օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասում նշված պայմանագիրը կնքած՝ նավահանգստային կամ լոգիստիկ ռեզիդենտի համար առաջանում է այդ ապրանքները նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծելու պահից:
2. Հայտարարատուի՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է հետևյալ դեպքերում՝
1) սույն Համաձայնագրին համապատասխան՝ նման ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման դեպքում.
2) Մաքսային միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:
3. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում՝
1) ապրանքները ԱՏԳ-ի այն տարածքից արտահանելու օրը, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը՝ այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները, մինչև Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով այդ ապրանքների ձևակերպումը, արտահանվել են ԱՏԳ-ի այն տարածքից, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա ԱՏԳ-ի այն տարածքից նման արտահանման փաստի բացահայտման օրը, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.
2) ապրանքների փոխանցման օրը՝ այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները, մինչև Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով նման ապրանքների ձևակերպումը, փոխանցվել են մեկ այլ անձի, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա՝ փոխանցման փաստի բացահայտման օրը.
3) ապրանքների կորստի օրը՝ այն դեպքում, երբ կորսվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով առաջացած ապրանքների կորստի կամ փոխադրման և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա՝ կորստի փաստի բացահայտման օրը:
4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համապատասխանող չափերով, որոնք ենթակա կլինեին վճարման «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով այդ ապրանքները ձևակերպելու դեպքում՝ հաշվի չառնելով «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով այդ ապրանքների ձևակերպման համար ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա կամ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ապրանքների ներմուծման օրվա դրությամբ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնությունները, եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումն իրականացվել է առանց մաքսային հայտարարագրման: