Հոդված 10
Հոդված 10
Առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականներն իրականացնելու առանձնահատկությունները
1. Առանձին դատավարական և այլ գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականներն իրականացնելիս մաքսային մարմինները՝
հարցաքննում են այն անձանց, որոնց նկատմամբ վարչական վարույթ է իրականացնում, և վկաներին,
իրականացնում են ապրանքների և փաստաթղթերի առգրավումը կամ կալանքը, որոնք իրեղեն ապացույցներ կամ վարչական իրավախախտման առարկաներ են,
պահանջում են գործով վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթերը,
զննում են,
ստանում են պետական մարմիններից և անձանցից գործով վարույթի կամ դրա քննության համար անհրաժեշտ տեղեկություններ,
հանձնում են վարչական վարույթի մասնակիցներին փաստաթղթեր կամ դրանց պատճեններ,
իրականացնում են փորձաքննություն և այլ գործողություններ:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով դատավարական և այլ գործողություններ իրականացվում են հարցումն ստացող Կողմի օրենսդրության համաձայն:
3. Այն դեպքում, երբ հարցումն ստացող Կողմի օրենսդրությամբ առանձին դատավարական գործողությունների կատարման համար պահանջվում է իրավասու պաշտոնատար անձանց կողմից հատուկ որոշումների ընդունում, ապա դրանց ընդունումն իրականացվում է ըստ հանձնարարականի իրականացման վայրի:
4. Կողմերի մաքսային մարմինների հետ համաձայնեցմամբ՝ հարցումն ստացող Կողմի տարածքում դատավարական գործողությունները կարող են կատարվել հարցում կատարող Կողմի մաքսային մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ կամ նրանց մասնակցությամբ՝ հարցումն ստացող Կողմի օրենսդրության համաձայն: Այդ նպատակով հարցում կատարող Կողմի մաքսային մարմինները կարող են որոշակի ժամկետով գործուղել մաքսային մարմինների աշխատակիցներին:
5. Հարցում կատարող մաքսային մարմնի խնդրանքով՝ հարցումն ստացող մաքսային մարմինը նախապես տեղեկացնում է առանձին դատավարական գործողությունների կատարմանն առնչվող հանձնարարականի իրականացման նախատեսվող ժամանակի և վայրի մասին, որպեսզի հարցում կատարող մաքսային մարմինն ուսումնասիրի հանձնարարականի իրականացման ժամանակ իր ներկայացուցիչների ներկա գտնվելու հնարավորությունը:
6. Այն դեպքում, եթե հարցման, հանձնարարականի մեջ նշված անձի ճշգրիտ հասցեն հայտնի չէ, հարցումն ստացող մաքսային մարմինն իր Կողմի օրենսդրությանը համապատասխան ձեռնարկում է հասցեն ճշտելու համար անհրաժեշտ միջոցները: