Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Քարոզչության հիմնական կանոնները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Քարոզչության հիմնական կանոնները

1. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները և հասարակական կազմակերպությունները: Քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

2. Քարոզչությունն սկսվում է հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` յոթերորդ օրը, և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:

3. Հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով կարող է գործել մեկ «ԱՅՈ» և մեկ «ՈՉ» քարոզչության կողմ: Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են քարոզչություն իրականացնել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին միանալու միջոցով կամ առանձին: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին չմիացած անձինք կարող են իրականացնել հանրաքվեի դրված հարցին «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկելու, ինչպես նաև քվեարկությունից ձեռնպահ մնալուն ուղղված քարոզչություն:

4. Քարոզչության իրականացման հանրային միջոցներից (հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի անվճար և վճարովի եթերաժամերից, արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքից, համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար առանձնացված անվճար տեղերից) կարող են օգտվել «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը, իսկ այլ անձինք քարոզչության իրականացման հանրային միջոցներից կարող են օգտվել միայն քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի գրավոր համաձայնության հիման վրա՝ համաձայնության մեջ նշված պայմաններով, որոնք չեն կարող հակասել քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված պահանջներին:

5. Հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակումից հետո հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը համարվում է «ԱՅՈ» քարոզչության կողմ:

6. «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ է համարվում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ քաղաքացիական նախաձեռնության դեպքում, վարչապետը կամ նրա որոշմամբ նշանակված ներկայացուցիչը՝ Կառավարության նախաձեռնության դեպքում, նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրության մեջ որպես ներկայացուցիչ նշված պատգամավորը՝ պատգամավորների նախաձեռնության դեպքում:

7. «ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձևավորել համապատասխանաբար հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները:

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված սուբյեկտների կողմից հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակումից հետո` յոթնօրյա ժամկետում, որպես «ՈՉ» քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը:

9. «ՈՉ» քարոզչության կողմը ենթակա է գրանցման Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

10. «ՈՉ» քարոզչության կողմը ձևավորման պահից եռօրյա ժամկետում գրանցման նպատակով գրություն է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

11. Գրության մեջ նշվում է «ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչը, իսկ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում` «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև գրությանը կամ որոշմանը կից ներկայացվում են «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները:

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրությունը և փաստաթղթերն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, գրանցում է «ՈՉ» քարոզչության կողմին և նրա լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե սույն հոդվածի 8-րդ մասում նշված պահանջները պահպանված չեն:

13. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում հրապարակում է տեղեկատվություն այն մասին, թե ով է հանդիսանում «ԱՅՈ» քարոզչության կողմ, ինչպես նաև «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի լիազոր ներկայացուցիչների անունը, ազգանունը և նրանց հետ կապի միջոցները:

14. Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

3) դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին.

4) ընտրական հանձնաժողովների անդամներին.

5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.

6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց.

7) Մարդու իրավունքների պաշտպանին.

8) Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին.

9) Հաշվեքննիչ պալատի անդամներին.

10) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին.

11) ինքնավար մարմինների անդամներին.

12) Հանրապետության նախագահին։

15. Արգելվում է`

1) քարոզչության կողմերին` քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, արժեթղթեր, ապրանքներ (այդ թվում՝ սննդամթերք) կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ,

2) քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով,

3) քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը:

16. Սույն հոդվածի 15-րդ մասի 3-րդ կետի դրույթների կատարումն ապահովում է ոստիկանությունը:

(17-րդ հոդվածը լրաց. 07.05.21 ՀՕ-209-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։