Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-25-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 33. Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ստանալուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 33. Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ստանալուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները

1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում: Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի` հատ-հատ հաշվելու միջոցով ստացած տվյալները:

2. Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները մուտքագրում է համակարգիչ: Հանրաքվեի քվեարկության արդյունքների աղյուսակավորումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:

3. Տարածքային հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

4. Հանրաքվեի ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում և այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։