Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-23-ից մինչև 2025-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 12. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելը տեղափոխման, փոխադրման, գործուղման կարգով

գործել է մինչև 2025-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելը տեղափոխման, փոխադրման, գործուղման կարգով

1. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մինչև երկու տարի ժամկետով պատճառաբանված որոշմամբ կարող է տեղափոխություն կատարել կառուցվածքային ստորաբաժանումների հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների միջև, եթե վերջիններս բավարարում են քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:

2. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է նույն կամ այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել թափուր պաշտոնին, եթե նա բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:

3. Փոխադրումից (փոխադրումներից) հետո թափուր մնացած պաշտոնը կարող է զբաղեցվել սույն օրենքով սահմանված արտաքին մրցույթով:

4. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սահմանված հիմքի վերացումը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել այդ պաշտոնին, եթե նա բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Ժամանակավոր թափուր պաշտոնի փոխադրման դեպքում փոխադրված քաղաքացիական ծառայողի պարտականությունները կատարում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողը:

5. Գլխավոր քարտուղարը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով, կարող է կառուցվածքային ստորաբաժանման մասնագիտական պաշտոնների խմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողին, առանց ծառայությունը դադարեցնելու, իր պաշտոնով փոխադրել այլ կառուցվածքային ստորաբաժանում: Տվյալ դեպքում քաղաքացիական ծառայողն իրականացնելու է նույնաբովանդակ աշխատանք, որ իրականացնում էր մինչև փոխադրումը: Այս դեպքում պաշտոնի անձնագրում գործառույթների փոփոխություն չի կատարվում, այլ չափանիշներ և այլ պահանջներ չեն սահմանվում:

6. Փոխադրում իրականացվում է հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոնի:

7. Տեղափոխությունը, փոխադրումն իրականացվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ, քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ: Համապատասխան մարմնի աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված՝ Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այն դեպքերը, երբ տեղափոխություն և (կամ) փոխադրում իրականացնելիս քաղաքացիական ծառայողի համաձայնությունը չի պահանջվում:

8. Տեղափոխության և փոխադրման դեպքերում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:

9. Թափուր կամ ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկամսյա ժամկետում համապատասխան մարմինների ղեկավարների փոխադարձ համաձայնությամբ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ մինչև երեք տարի ժամկետով քաղաքացիական ծառայողին կարող է գործուղել այլ համապատասխան մարմին հավասարազոր պաշտոն զբաղեցնելու համար: Տվյալ դեպքում քաղաքացիական ծառայողը պետք է իրականացնի նույնաբովանդակ աշխատանք, ինչպիսին իրականացնում էր մինչև գործուղումը: Այս դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, իսկ սահմանված ժամկետի ավարտից հետո առանց վերջնահաշվարկ կատարելու քաղաքացիական ծառայողն զբաղեցնում է իր նախկին պաշտոնը: Թափուր պաշտոնը գործուղման հետևանքով զբաղեցնելու դեպքում մինչև գործուղման ավարտը տվյալ պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվում:

10. Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը՝ հաշվի առնելով համապատասխան մարմինների առանձնահատկությունները:

11. Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու ժամանակ անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը:

(հոդվածը 04.12.24 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրը)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։